Երևանի լեզվաբանական համալսարանի և Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտի միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտի միջև ուրբաթ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել ։
ԵՊԼՀ-ի հետ համագործակցության շրջանակներում կբացվի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն։
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց չինարեն լեզուն ուսումնասիրելու նկատմամբ Հայաստանի քաղաքացիների ցուցաբերած մեծ հետաքրքրությունը։
«Կենտրոնն աշխատելու է ոչ միայն մեր ուսանողների համար, այլ նաև այն բոլոր մարդկանց համար, ովքեր կցանկանան ուսումնասիրել չինարեն լեզուն և մշակույթը», - նշեց նա։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ կապերի հաստատումը կարևոր իրադարձություն է ոչ միայն Բրյուսովի անվ. համալսարանի համար, այլ նաև հայ-չինական հարաբերությունների համար ընդհանրապես։
«Մեր հիմնական քաղաքական նպատակը Հայաստանը տարածաշրջանային նշանակության գիտակրթական կենտրոնի վերածելն է, և լեզվական մշակույթը կարևոր է այս գործընթացում», - նշեց նա՝ ընդգծելով, որ չինական բուհերում կրթություն է ստացել մի քանի տասնյակ հայ ուսանող։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինը համոզմունք հայտնեց, որ կենտրոնի բացումը և բուհերի միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը մեծ ներդրում է երկու ժողովուրդների և մշակույթների միջև կապերի զարգացման գործում։
«Դա կամուրջ կծառայի երկու երկրների միջև», - նշեց նա՝ ընդգծելով Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային երկխոսության կարևորությունը։
Չինաստանի Կոնֆուցիոսի ինտիտուտը (Confucius Institute) շահույթ չհետապնդող պետական հաստատություն է, որի նպատակը աշխարհում չինարեն լեզուն և մշակույթը տարածելն է, ինչպես նաև չինարենի դասավանդմանն աջակցելը` ներկայացուցչությունների միջոցով:
Ներկայումս հաստատությունն ունի 97 մասնաճյուղ, որոնք գործում են աշխարհի 34 երկրներում, այդ թվում` Ավստրալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսրայելում, Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում:-0-

