Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երկրի քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության և համագործակցության կոչ է անում։ Այդ մասին ասվում է ՀՀ Օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տրամադրված հաղորդագրության մեջ։
Օմբուդսմենը նշում է, որ որոշ քաղաքական ուժեր փորձեցին օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից իրենց նեղ քաղաքական շահերի համար՝ գնալով ոչ թե երխոսության, այլ առճակատման ճանապարհով։
«Այս իրավիճակի լուծման երկու ճանապարհ կա` ոչ իրավական` փակուղային և իրավական: Փակուղայինը կլինի, եթե քաղաքական դաշտը ամայացվի և տոտալ վախի մթնոլորտ ձևավորվի: Մյուս ճանապարհը` իրոք հիմնվել ժողովրդավարության մեխանիզմների վրա, անկյունաքար վերցնել մարդու իրավունքները` որպես բարձրագույն արժեք և գնալ երկխոսության և համագործակցության ճանապարհով»,-ասվում է Հարությունյանի հայտարարության մեջ:
Պաշտպանը հուսադրող է համարում, որ հենց այս ճանապարհին է նախապատվություն տվել նախագահական ընտրություններում հաղթած վարչապետ Սերժ Սարգսյանը:
Պաշտպանը նշել է, որ նախագահի՝ մարտի 1-ից Արտակարգ դրություն մտցնելու հրամանագրով սահմանափակվել են Երևանի քաղաքացիների որոշ իրավունքները։
Մասնավորապես, նա ընդգծել է հրամանագրի այն հատվածը, որի համաձայն զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում:
Պաշտպանի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, դադարեցվել է «Ա1+», «Պանորամա», «Լրագիր» տեղեկատվական ինտերնետային կայքերի գործունեությունը։
Հարությունյանը հայտնեց, որ նրա հարցմանը ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել է, որ վերջինները զգուշացվել են նախագահի հրամանագրով նախատեսված սահմանափակումների մասին, սակայն հրաժարվել են պահպանել դրանք` պատճառաբանելով, որ իրենք գտնվում են սեփական պետության օրենսդրության գործողության ներքո:
Հայտարարության համաձայն, պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հրամանագրի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել է իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակման և զննության իրականացման հնարավորություն: Պաշտպանի կողմից ստացված դիմում-բողոքները վկայում են այն մասին, որ մեջբերված դրույթին տարածական մեկնաբանություն տալու հետևանքով անհամաչափ սահմանափակվում է, մասնավորապես, քաղաքացիների՝ Երևան քաղաք մուտք գործելու իրավունքը:
Բացի այդ, Պաշտպանի գրասենյակ ստացվում են հաղորդումներ քաղաքացիների զանգվածային ձերբակալումների և ոստիկանության բաժանմունքներ նրանց բերման ենթարկելու վերաբերյալ, ինչը, ըստ դիմումատուների, զուգորդվում է քրեադատավարական նորմերի խախտումներով: Այս հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ, որը պատրաստակամություն է հայտնել Պաշտպանի գրասենյակ ներկայացնել բոլոր ձերբակալված անձանց ցուցակը:
Հարությունյանի հայտարարության մեջ ասվում է, որ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ խոչընդոտներ են ստեղծում Պաշտպանի կողմից՝ իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար:
Պաշտպանի կարծիքով, ստեղծված իրավիճակը պայմանավորված է կոշտ կառավարման համակարգով, իշխանության գերկենտրոնացմամբ, հակակշիռների ձևական բնույթով, սոցիալական և տնտեսական բևեռացմամբ, բիզնեսի և իշխանության միահյուսմամբ, իշխանության նկատմամբ հասարակության վերահսկողության բացակայությամբ, քաղաքացիական ազատությունների ոչ լիարժեք լինելով:
«Այսինքն, սա այն իրավիճակն է, որի կապակցությամբ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, բազմաթիվ անգամ նշել եմ` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ունենք համակարգային խնդիրներ: Այս ամենը բերել է նրան, որ հասարակության մի ստվար զանգված իրեն օտարված է զգում իշխանությունից, տոտալ անվստահություն ունի հանրային ինստիտուտների, ընտրական մեխանիզմների, արդարադատության և ԶԼՄ-ների նկատմամբ»,-ասված է պաշտպանի հայտարարության մեջ:
Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակում փետրվարի 20-ից հանրահավաքներ էր անցկացնում։
Բողոքի ակցիան վերածվեց անկարգության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Մարտի 1-ից Հայաստանի նախագահի հրամանագրով, 20 օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարվել։-0-