Հայաստանն ուժեղացնում է ազգային մշակույթի և ավանդույթների պահպանությունը

28.02.2008, 17:47
Հայաստանն ուժեղացնում է ազգային մշակույթի և ավանդույթների պահպանությունը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացրել  «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրինագիծը, որը ազգային  մշակույթի և ավանդույթների պահպանման ուժեղացում է նախատեսում։

Ինչպես հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մինչև տվյալ օրինագծի մշակումը, Հայաստանի օրենսդրությամբ կանոնակարգվում էր միայն հայ ժողովրդի  նյութական մշակութային արժեքների պահպանությունը։  

 «Դա չի նշանակում, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունն ամբողջովին անտեսվել է։ Ընդհակառակը, 2005 թվականին Հայաստանը վավերացրել է Յունեսկոյի Ոչ նյութական մշակութային արժեքների վերաբերյալ կոնվենցիան, իսկ 2006 թվականին հաստատել է համապատասխան հայցեակարգը»,-ասաց նա։

Պողոսյանի խոսքերով, օրինագիծը հստակեցնում է ոչ նյութական մշակութային արժեքի, դրանց կրողների, դրանց պահպանման չափանիշների հիմնական հասկացությունները։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց նախարարը, օրինագիծը որպես ոչ նյութական մշակութային արժեքներ բնորոշում է ժողովրդական բանահյուսությունը (լեզու, բարբառ, ազգային երգուպար), կատարողական արվեստը (բանաստեղծություններ, էպոսներ), ազգային ժառանգությունը (ժողովրդական տոներ և ծեսեր, երեխաների դաստիարակությունը), ազգային խոհանոցը, ինչպես նաև խաղերը։

Օրինագիծը, ինչպես ավելացրեց Պողոսյանը, առանձնացնում է ոչ նյութական մշակութային ժառանգությանը պետության աջակցության հիմնական ուղղությունները, սահմանազատում է պետական իշխանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները ժառանգության պահպանման գործում, նշված գործընթացում ֆիզիկական և իրավաբանական, այդ թվում՝ օտարերկրյա անձանց մասնակցությունը։

«Օրինագիծը արտասահմանում գտնվող հայկական  ոչ մշակութային ժառանգության պահպանման հնարավորություն է տալիս։ Մասնավորապես, Արևմտյան Հայաստանում դեռևս կան հայ ժողովրդի մշակույթի և կենցաղի կրողներ, որոնք մենք պարտավոր ենք պահպանել»,-նկատեց Պողոսյանը։

Նրա խոսքերով, արտասահմանում գտնվող հայկական ժառանգության պահպանումը  կիրականացվի երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, մասնավորապես, ներկա պահին Բուլղարիան, նման պայմանագրի հիման վրա, համապատասխան որոնումներ է անցկացնում իր տարածքում։-0-