ՀՀ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում ընդդիմությանը միացած դիվանագետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու կապակցությամբ

25.02.2008, 14:13
ՀՀ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում  ընդդիմությանը միացած դիվանագետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ափսոսանք հայտնեց ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող դիվանագետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարեց երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ափսոսում եմ՝ այդ դիվանագետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու անհրաժեշտության կապակցությամբ։ Մենք կորցրեցինք մի քանի շատ լավ կադր, սակայն «Դիվանագիտական գործունեության մասին» օրենքն արգելում է դիվանագետներին հրապարակավ հայտարարել իրենք քաղաքական դիրքորոշման մասին։ Մենք չենք կարող խախտել օրենքը», - ասաց նախարարը։

Օսկանյանը նաև ափսոսանք հայտնեց ԱԳՆ-ի համակարգից դեսպանների հեռացման անհրաժեշտության կապակցությամբ, որոնց թեկնածությունն  անձամբ էր ներկայացրել ՀՀ նախագահի հավանությանը։ Նախարարը կարծիք հայտնեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս ափսոսանքով է ստորագրելու զբաղեցրած պաշտոններից այդ դիվանագետների ազատման մասին հրամանը։

 «Սակայն ես չեմ պատկերացնում, թե ինչպես հետագայում պետք է աշխատեին այն դիվանագետները, որոնք միացել են մի շարժման, որի ղեկավարը անվանել է մեր երկիրը «ավազակապետություն», իսկ երկրի նախագահին՝ «ավազակապետ»», - հայտարարեց Օսկանյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, պաշտոններից ազատված դիվանագետների կենսագրության վերլուծության դեպքում, ակնհայտ է դառնում, որ նրանք բոլորը զբաղեցրել են տարբեր պաշտոններ կամ բարեկամական կապեր ունեն նախկին իշխանությունների հետ։

«Սակայն այս տասը տարվա ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն նրանց հանդեպ ոչ մի խտրականություն թույլ չէր տալիս։ Ցավալի է, որ նրանք իրենց գործողություններով պախարակել են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

Նախարարը հույս հայտնեց, որ նշված դիվանագետների գործողությունները հետնորդներ չեն ունենա։ Միաժամանակ նա ընդգծեց, որ չնայած դիվանագիտական որոշ աշխատակիցների վարքագծի՝ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր դիվանագետների կենսագրությունների համընդհանուր ստուգում չի իրականացնի։

 «ԱԳՆ-ի ոչ մի աշխատակից չի կարող տուժել իր քաղաքական հայացքների պատճառով», - հավաստիացրեց նա։

ՀՀ ԱԳՆ յոթ աշխատակիցներ, որոնց թվում են ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Ղազախստանում և Ղրղստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյանը, Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում դեսպան Ռուբեր Շուգարյանը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նախօրեին միացել են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին և հայտարարել են Տեր-Պետրոսյանին սատարելու մասին։

Նրանք՝ բոլորը  ազատվել են զբաղեցրած պաշտոններից և զրկվել են Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից։--0-