ՀՀ ԱԺ փոխխոսնակի հրաժարականը չի ազդի Ազգային ժողովի աշխատանքի վրա. խոսնակ

22.02.2008, 20:45
ՀՀ ԱԺ փոխխոսնակի հրաժարականը չի ազդի Ազգային ժողովի աշխատանքի վրա. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ՝ ՀՅԴ անդամ  փոխխոսնակի հրաժարականը չի ազդի Ազգային ժողովի աշխատանքի վրա։

«Մենք այդ փոխխոսնակի հետ աշխատեցինք մոտ մեկ տարի, և որևէ խնդիր չծագեց։ Սակայն ցանկանում եմ ասել, որ հրաժարականի մասին իր՝ Վահան Հովհաննեսյանի դիմումը գոյություն չունի»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

Խորհրդարանի խոսնակը նշեց, որ փետրվարի 25-ին նորմալ ռեժիմով Ազգային ժողովը կսկսի հերթական նիստը։

Միաժամանակ նա գնահատական չտվեց այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությանն այն մասին, որ յոթ պատգամավորներ միացել են Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Չէի գնահատի մի բան, որ ասված է այլ անձանց անունից։ Երբ այդ մարդիկ իրենք այդ մասին ասեն, ապա կլինի համապատասխան դիրքորոշում»,- ասաց նա։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննեսյանը ուրբաթ հրաժարական տվեց։ 

«ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից»,- ասվում է հայտարարությունում:

2007թ. հունիսի 6-ին Հայաստանի նախագահի նստավայրում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև իշխող  կոալիցիա ստեղծելու մասին։ Իր հերթին քաղաքական կոալիցիան համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության մասին։

Համաձայնագրի համաձայն, ՀՅԴ-ն ստացել է երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը, որը 2007թ. հունիսի 7-ից զբաղեցրել է Վահան Հովհաննեսյանը։

Հայաստանի ԿԸՀ նախնական վերջնական տվյալներով, ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ընտրողների 52,86%-ը,  ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 21,5%-ը, Վահան Հովհաննիսյանի օգտին՝ 6,2%-ը։--0--