ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մատնանշում է, որ Սերժ Սարգսյանն ակտիվ քարոզչություն է վարում՝ չդադարեցնելով վարչապետի իր պարտականությունները

15.02.2008, 18:56
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մատնանշում է, որ Սերժ Սարգսյանն ակտիվ քարոզչություն է վարում՝ չդադարեցնելով վարչապետի իր պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն  ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ակտիվ նախընտրական քարոզչություն է վարում՝ առանց դադարեցնելու ՀՀ վարչապետի պարտականությունների կատարումը։

«Փետրվարի 3-ին լրագրողների ուղեկցությամբ վարչապետն այցելել է աշխատանքային խմբի գրասենյակ, որը ստեղծվել է 2007թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության աշխատակազմին առընթեր՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրների վերլուծության, ինչպես նաև նրանց խնդրանքների և դիմումների քննարկման նպատակով։ Այցի ընթացքում Սարգսյանին ներկայացրեցին այն քաղաքացիներին, որոնք աջակցություն էին ստացել այս խմբի կողմից, ընդ որում նրանցից ոմանք գովեցին վարչապետին»,- ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում։

Բացի այդ, փաստաթղթում ասվում է այն մասին, որ ՄԻԱԿ կուսակցությունը, որը քարոզչություն է վարում՝ հօգուտ Սերժ Սարգսյանի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը տեղեկացրեց, որ իրականացնում է «տնից տուն» քարոզարշավ՝ քաղաքացիներին առաջարկելով լրացնել «դիմումները»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները մատնանշում են այն հանգամանքը, որ լրացված դիմումները հանձնվել են տվյալների մշակման բաժին, որը գտնվում է նույն հասցեում, ինչ հասցեում որ գտնվում է կառավարական աշխատանքային խումբը։

Իր հերթին ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մարտիրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց, որ Սարգսյանի գործողությունները լիովին համապատասխանում են օրենքին։

«Այստեղ որևէ խնդիր չկա, օրենքը չի ստիպում վարչապետին հրաժարական տալ կամ արձակուրդ վերցնել, այնպես որ որևէ խախտում չկա»,- ավելացրեց նա։

Ընտրական օրենսգրքի համաձայն, քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող այն թեկնածուները, որոնք պետական ծառայողներ են, նախընտրական քարոզարշավ են իրականացնում ընդհանուր պայմաններով՝ հաշվի առնելով նաև այն սահմանափակումները, որոնք սահմանված են սույն հոդվածով, այն է՝ արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել պաշտոնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ կամ էլ չարաշահել պաշտոնական դիրքը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։

Արգելվում է զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանել այդ անձանց գործունեությունը, բացառությամբ Սահմանադրությամբ հաստատված դեպքերի՝ պաշտոնական այցեր և ընդունելություններ, ինչպես նաև աղետների դեպքում նրանց կողմից իրականացված  միջոցառումների։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու։--0—