2008թ.-ին Հայաստանի հեմատոլոգիայի կենտրոնը համալրվելու է ժամանակակից կլինիկական սարքավորումներով. Առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ին պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի հայկական կենտրոնը համալրվելու է ժամանակակից կլինիկական սարքավորումներով, երեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ Երևանում Արյան բանկի բացման ժամանակ։
«Տրամադրված ողջ սարքավորումները համապատասխանելու են միջազգային ժամանակակից բոլոր չափորոշիչներին, որն էլ լինելու է հանրապետության առողջապահության նախարարության հիմնական քաղաքական ուղղություններից մեկը»,- ասաց նա։
Միաժամանակ, Քուշկյանն ավելացրեց, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան կատարել հետազոտական և ախտորոշիչ աշխատանքների լայն սպեկտր և կնպաստեն համապատասխան բուժման կազմակերպմանն ու իրագործմանը։
Իր հերթին, պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնի փոխտնօրեն Մարինե Քամալյանը հաղորդեց, որ Կենտրոնում գործում է կլինիկական բաժանմունք ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար, ինչպես նաև Արյան բանկ և հետազոտական լաբորատորիաներ։
«Կենտրոնում բորժվում են հեմատոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներ, որոնք գալիս են Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիից (Վրաստանի հայաբնակ շրջան)»,- ասաց նա։
Բացի այդ, Քամալյանի խոսքով, կենտրոնում գործում է մարդկային իմունոգլոբուլինի հակա-ռեզուսի արտադրություն, ինչը շատ կարևոր նշանակություն ունի արյան բացասական կարգ ունեցող կանանց կրկնակի հղիության պրոֆիլակտիկայի համար։
«Դրական ռեզուս ունեցող երեխայի ծնունդից հետո բացասական ռեզուս ունեցող մորն անհրաժեշտ է ներարկել իմունոգլոբուլինի հակա-ռեզուս, քանի որ հակառակ դեպքում երկրորդ երեխան կարող է ծնվել նորածնի հեմոլիտիկ հիվանդությամբ, ինչը լի է զարգացման համար վտանգավոր լուրջ շեղումներով»,- պարզաբանեց նա։
Դեկտեմբերի 8-ին Երևանում Հեմատոլոգիայի կենտրոնում տեղի ունեցավ տարածաշրջանում միակ Արյան բանկի բացումը, որը հագեցած է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին։
Այսօր Հայաստանում կա շուրջ 15 հազ. մշտական կամավոր դոնոր, ընդ որում, բոլոր դոնորների 5-7%-ը արյունը հանձնում են 10 հազ. դրամ դրամական հատուցման պայմանով (մոտ 33 դոլար), 7-10%-ը՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև առոջապահության ոլորտի աշխատողներ՝ անհատույց հիմունքներով, իսկ 85%-ը՝ այն հիվանդների հարազատներն են, որոնք դոնորական արյան կարիք ունեն։--0—