Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական ուղին չի փոխվի. Օսկանյան
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական ուղին չի փոխվի, կարծում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հուսով եմ, որ ընտրություններից հետո արտաքին քաղաքական ուղին չի փոխվի, քանի որ ներկայիս ուղին արդյունավետ է և արդեն բերել է դրական արդյունքներ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Օսկանյանի խոսքերով, Հայաստանի համար չափազանց կարևոր է ներքին քաղաքական կայունությունը, սակայն որոշ քաղաքական գործիչների քաղաքական հայտարարությունները և ելույթները որոշակի մտահոգություն են առաջացնում։
«Մաղթում եմ, որպեսզի Հայաստանում չլինեն ցնցումներ, և դա իմ միակ ցանկությունն է, այդ իսկ պատճառով մենք չենք կարող ստեղծել այնպիսի իրավիճակներ, որոնք բացասական հետևանքներ կբերեն երկրի համար»,- ասաց նա։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—