Երևանում բացվել է ֆրանսիացի մեծ նկարիչ Գառզուի աշխատանքների ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային պատկերասրահում հինգշաբթի բացվեց ֆրանսահայ հայտնի գեղանկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է գեղանկարչի ծննդյան 100-ամյակին։
«Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ սա մեր առաջին միջոցառումն է որտեղ շեշտը դրված է Գառզուի գրքերի ձևավորումների վրա»,-ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։
Նրա խոսքերով, ցուցադրվում են Գառզուի շուրջ 40 աշխատանքներ, որոնք պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահի արխիվում, որից 18-ը գրքերի ձևավորումներ են։
«Գառզուի աշխատանքները բարձր են գնահատել Հեմինգուեյը, Քամյուն, Մորուան՝ հեղինակներ, որոնց ստեղծագործությունները նա նկարազարդել է»,-ընգծեց Միրզոյանը։
Գառզուն (Գառնիկ Զուլումյան) ծնվել է 1907թ.-ին Հալեպում (Սիրիա)։ 1924-ին տեղափոխվել է Ֆրանսիա։ 1925-ին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը։ 1939-ին տեղի ունեցավ Ժան Գառզու մականունն ընդունած Գառնիկ Զուլումյանի առաջին անհատական պաշտոնական ցուցահանդեսը։
Գառզուի ցուցահանդեսներն անցկացվել են տարբեր երկրներում, նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ավելի քան հարյուր ցուցահանդեսներում։ Նրա կտավները պատկերված են Ֆրասնիայի փոստային դրոշմանիշերի վրա։
1956թ.-ին նկարիչն արժանացել է «Պատվո լեգիոն» ասպետական շքանշանի, 1977-ին ընտրվել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։ 1958-ին Բրյուսելում արժանացել է Եվրոպայի գրան-պրի մրացանակի, իսկ 1955-ին պարգևատրվել է Ճապոնիայի կրթության ազգային շքանշանով։
Գառզուն այնպիսի հայտնի ստեղծագործություններ է ձևավորել, ինչպիսիք են՝ Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», Ալֆոնս Դոդեի «Նամակներ իմ ջրաղացից», Ալբեր Քամյուի «Նոթատետր», Անդրե Մորուայի «Ֆրանսիա» ստեղծագործությունները։
Նկարիչը զբաղվել է նաև ճենապակու ձևավորմամբ և փորագրություններով, Փարիզի օպերայի և բալետի թատրոններում ձևավորել է թատերական բեմադրություններ։
Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվում են նկարչի 305 աշխատանքներ։–0—

