Հայաստանի ապագա նախագահը չպետք է կրկնի իր նախորդների սխալները. ՄԻԱԿ ղեկավար

17.12.2007, 16:43
Հայաստանի ապագա նախագահը չպետք է կրկնի իր նախորդների սխալները. ՄԻԱԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 դեկետեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ապագա նախագահը չպետք է կրկնի իր նախորդների սխալները, հայտարարեց Միացյալ ազգային ազատական կուսակցության (ՄԻԱԿ) գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը։

«Պետության ապագա ղեկավարը պետք է կարողանա հայ ժողովրդին վերադարձնել հավատը ապագայի նկատմամբ, դրա համար նա պետք է խուսափի առաջին երկու նախագահների սխալներից և օգտագործի նրանց դրական փորձը»,-ասաց կուսակցության առաջնորդը` երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Այս կապակցությամբ Ֆարմանյանը հավելեց, որ վարչապետ Սերժ Սարգսյանը, որն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում, ունի մի շարք դրական հատկանիշներ, որոնք և ՄԻԱԿ-ի համար հիմք դարձան` գալիք նախագահական ընտրություններին նրա թեկնածության աջակցելու համար։

Կուսակցության ղեկավարը համոզված է, որ Սարգսյանն այն նախագահը կլինի, որին կընտրի հայ ժողովուրդը, քանի որ նա ի վիճակի է լուծել հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարցերը, ունի ուժեղ առաջնորդի հատկանիշներ և օժտված է կազմակերպչական և ղեկավարման լավ ունակություններով։

«Մենք ենթադրում ենք, որ Հայաստանի նախագահի 9 թեկնածուներից հենց Սերժ Սարգսյանը կկարողանա տանել երկիրը զարգացման ճանապարհով»,-նշեց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—