Հայաստանում գործող Dundee Precious Metals կանադական ընկերությունը ակտիվորեն մասնակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանը

29.11.2007, 14:18
Հայաստանում գործող Dundee Precious Metals կանադական ընկերությունը ակտիվորեն մասնակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանը

Հայաստանում գործող Dundee Precious Metals կանադական ընկերությունը ակտիվորեն մասնակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարել է Dundee Precious Metals ընկերության սեփականատեր և նախագահ Ջոնաթան Գուդմանը (Jonathan Goodman)։

Dundee Precious Metals-ը ձեռք է բերել Կապանի հանքավայրը, որը 2006 թ.-ին ապահովում էր ոսկու, ցինկի և պղնձի խտանյութ։

«Մենք աշխատում ենք տեղի համայնքների հետ՝ նրանց խնդիրների լուծմանն աջակցելու համար և օգնում ենք՝ որոշակի ծրագրեր իրականացնելիս», - ասել է Գուդմանը։

Dundee Precious Metals ընկերության Հայաստանի գծով տարածաշրջանային տնօրեն Ջերեմի Քուփերը հայտարարել է, որ ընկերությունը 130-ով ավելացրել է աշխատատեղերի քանակը։

Այսօր ընկերությունում աշխատում է 1432 մարդ։ Աշխատողի բազային  աշխատավարձը 120 հազ. դրամ է (մոտ  400 դոլար), իսկ հանքավայրերում աշխատողների բազային աշխատավարձը՝ 250 հազ. դրամ (մոտ 800 դոլար)։

Քուփերը նաև տեղեկացրել է, որ Dundee Precious Metals-ը, ԵԱՀԿ-ի հետ համատեղ, Կապանի և նրա մերձակա գյուղերի խնդիրների ուսումնասիրման ծրագրի համահովանավորն է։

«Մենք աշխատելու ենք հասարակական կազմակերպությունների և կառավարության հետ՝ այդ խնդիրների լուծմանը նպաստող երկարաժամկետ ծրագրերի քննարկման ուղղությամբ», - ասել է Քուփերը։

«Մենք գիտակցում ենք սոցիալական պատասխանատվությունը և արդեն այս բնագավառի խնդիրների լուծման համար տրամադրել ենք 170 հազ. դոլար», - ավելացրել է նա՝ ընդգծելով, որ ընկերությունը ծրագրում է Կապանում բացել իր տեղեկատվական կենտրոնը։-0-