«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը մտադիր է Կապանի հանքավայրի ուսումնասիրման համար ներդնել 20 մլն դոլար

28.11.2007, 17:00
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը մտադիր է Կապանի հանքավայրի ուսումնասիրման համար ներդնել 20 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը մտադիր է Կապանի հանքավայրի ուսումնասիրման համար ներդնել 20 մլն դոլար։ Այս մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Դանդի փրեշըս մեթըլս» ընկերության սեփականատեր ու նախագահ, ինչպես նաև  «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության սեփականատեր Ջոնաթան Գուդմանը։

Հանդիպմանը ներկա էին նաև կանադացի խոշոր գործարարներ Ջեյմս Սմոլինը և Ազատ Վարդանյանը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գուդմանը հաղորդեց, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը Սյունիքի մարզում սկսել է ակտիվ աշխատանք ծավալել հանքարդյունաբերության ոլորտում և նախատեսում է մինչ այժմ ներդրած ավելի քան 30 մլն դոլարից բացի Կապանի հանքավայրի ուսումնասիրման համար ներդնել ևս 20 մլն դոլար։

Գուդմանի խոսքերով, բավարար պաշարներ հայտնաբերելու լուրջ ակնկալիքներ կան, ինչն իմաստալից կդարձնի արված ներդրումն ու հետագա` շահագործման փուլում նախատեսվող ավելի մեծ միջոցները:

Իր հերթին Սերժ Սարգսյանը ողջունեց գործարարների մտադրությունը և նշեց, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է աշխարհում մեծ հեղինակություն, փորձ, բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների` մեր երկիր մուտք գործելով, որոնք շահավետ բիզնես ծավալելու հետ միասին զարգացնում են Հայաստանի տնտեսությունը` լուրջ ներդրումներ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերում:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանում ներդրումների խթանման և գործարարության համար ստեղծվել ու ստեղծվում են անհրաժեշտ նպաստավոր պայմաններ: Հանքարդյունաբերությունը անվանելով մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտներից մեկը` Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս օժանդակել ընկերությանը` ներկայացված ծրագրերի իրագործման ընթացքում:

Վարչապետը, մասնավորապես, կարևորել է բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ Հայաստանում եղած պաշարները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելը` ուշադրության կենտրոնում պահելով նաև բնապահպանական խնդիրները:

Սերժ Սարգսյանը կանադական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է իրենց ծրագրերի ու մինչ այժմ իրականացրած աշխատանքների մասին լայնորեն իրազեկել նաև հանրությանը։ Ի պատասխան այդ առաջարկի, Գուդմանը տեղեկացրել է, որ այսօր այդ նպատակով նախատեսված է հանդիպում լրագրողների հետ:

Կանադացի գործարարները շնորհակալություն են հայտնել  ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին` համագործակցության, աջակցության պատրաստակամության համար՝ շեշտելով, որ ցանկացած օտարերկրյա ներդրողի համար դա չափազանց կարևոր է, և վարչապետի հետ հանդիպումը ևս մեկ լրացուցիչ խթան  դարձավ՝ Հայաստանում իրենց գործունեությունն ընդլայնելու և նախատեսած ծրագրերը հաստատակամորեն առաջ տանելու համար:

Հայաստանում «Դանդի փրեշըս մեթըլս» ընկերությունը ներկայացված է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության միջոցով, որը շահագործում է Շահումյանի բազմամետաղային հանքավայրը և Կապանի լեռնահարստացման կոմբինատի պղնձաքարային հանքավայրը։ --0—