Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը՝ Գերագույն Հոգևոր Խորհրդի և Սուրբ Էջմիածնի միաբանության անունից ցավակցական գիր է հղել անվանի կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին:
«Հոգելույս Ալբերտ Յավուրյանը մեր ժողովրդի կողմից սիրված ու գնահատված էր որպես տաղանդաշատ կինոօպերատոր և արվեստագետ, ով իր հայրենապատում ֆիլմերով մեծ ավանդ և մնայուն հետք է թողել հայ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գարեգին Երկրորդը նշել է, որ Ալբերտ Յավուրյանի ֆիլմերը մեծապես գնահատվել են նաև օտար հանդիսատեսի կողմից` ներկայացվելով զանազան միջազգային փառատոններում և մրցույթներում:
«Մենք անձնապես ճանաչել ենք Ալբերտ Յավուրյանին` որպես ազնիվ և բարեպաշտ, Հայրենիքի ու հայրենական ավանդների հանդեպ մեծ սեր ունեցող անձի, ով իր հոգում կրում էր Հայաստան մեր երկրի լուսավոր գալիքի երազը», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Օպերատոր, նկարիչ Ալբերտ Յավուրյանը ծնվել է 1935թ. օգոստոսի 26-ին։ Ավարտել է Մոսկվայի ԿՀՊԻ (ВГИК) օպերատորական ֆակուլտետը 1964 թ.-ին։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրիչ-օպերատորը։ 1977թ.-ին արժանացել էր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967թ. — «Բարև, ես եմ» և 1983թ. — «Երջանկության մեխանիկա» ֆիլմերի համար)։
1989թ. «Լավագույն օպերատոր» անվանակարգում արժանացել է «Նիկա» մրցանակի։
Ալբերտ Յավուրյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին։--0—