Հայաստանի պետկառավարման ապարատի պահպանման ծախսերը 2008թ.-ին կկազմեն 44,3 մլրդ. դրամ

30.10.2007, 16:05
Հայաստանի պետկառավարման ապարատի պահպանման ծախսերը 2008թ.-ին կկազմեն 44,3 մլրդ. դրամ
Հայաստանի պետկառավարման ապարատի պահպանման ծախսերը 2008թ.-ին կկազմեն 44,3 մլրդ. դրամ

Հայաստանի պետկառավարման ապարատի պահպանման ծախսերը 2008թ.-ին կկազմեն 44,3 մլրդ. դրամ (շուրջ 136 մլն. ԱՄՆ դոլար), ինչը 400 մլն. դրամով գերազանցում է 2007թ. ցուցանիշը։ Այս մասին երեքշաբթի 2008թ. պետբյուջեի նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս հայտարարեց Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։

«Մենք ձեռնպահ ենք մնացել պետկառավարման ապարատի պահպանման ծախսերի կտրուկ մեծացումից։ Կրճատվել է նաև ՀՆԱ կառույցում պետկառավարման ապարատին բաժին ընկնող ծախսերի մասնաբաժինը։ Եթե 2007թ.-ին ցուցանիշը կազմում էր 1,5%, ապա 2008թ.-ին՝ 1,26%»,-տեղեկացրեց Սաֆարյանը՝ հավելելով, որ պետկառավարման ապարատի ծախսերը կազմում է 2008թ. պետբյուջեի նախագծով նախատեսված ընդհանուր ծախսերի  միայն 0,4%-ը։

Նրա խոսքերով, 2008թ.-ին պետկառավարման ապարատի պահպանման ծախսերի աճը պայմանավորված է 2007թ.-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով։ Այսպես, Հայաստանի դատական համակարգի բարեփոխման հետ կապված՝ Դատական նոր օրենսգրքի համաձայն, դատական պաշտոններն ավելացել են 1261-ով, ստեղծվել են յոթ նոր դատարաններ և լուծարվել է ՀՀ Տնտեսական դատարանը։

Փոխնախարարի տվյալներով, այս փոփոխությունները պետկառավարման ապարատի ծախսերն ավելացրել են 1,4 մլրդ. դրամով։

Բացի այդ, 2008թ.-ին Գլխավոր դատախազության ապարատի ֆինանսավորման համար կպահանջվի հավելյալ 510 մլն. դրամ, իսկ Վերահսկիչ պալատի  համար՝ 300 մլն. դրամ։

Հայաստանի 2008թ. պետբյուջեի նախագծով, որը ներկայացվել է Ազգային Ժողովի խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը, բյուջեի շահութային մասը կազմում է 744,7 մլրդ. դրամ, ծախսայինը՝ 820,8 մլրդ. դրամ՝ բյուջեի 76 մլրդ. դրամ դեֆիցիտի պայմաններում։ ՀՆԱ-ի աճի ցուցանիշը ծրագրված է 10% մակարդակի վրա, այն դեպքում, երբ 2007թ. արդյունքներով՝ այն կազմել է 11% ($1 – 324,78 դրամ)։--0--