Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող է եղել-ԱԳՆ

23.10.2007, 15:48
Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող է եղել-ԱԳՆ
Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող է եղել-ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող էր, կարծում է Հայաստանի ԱԳ  փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը։

«Զգալի առաջընթաց է գրանցվել լուրջ տնտեսական նախագծերով»,-ասաց նա երեքշաբթի լրագրողներին։ Փոխնախարարի խոսքերով, էներգետիկայի ոլորտում իրանական կողմից լուրջ ներդրումներ են ակնկալվում։

Ղարիբջանյանը հաղորդեց, որ Իրանի նախագահի այցի ծրագրի փոփոխությունների մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան, երբ իրանական պատվիրակությունը հրատապ գործերի պատճառով խնդրել է վերանայել ծրագիրը։

«Մեր ղեկավարությանը հայտնվել է մեկնելու պատճառը, որը ոչ մի կերպ կապված չէ Հայաստանի հետ»,-ասաց նա, հավելելով, որ դա կապված է Իրանի ներքին գործերի հետ։

Փոխնախարարը նշել է, որ Իրանի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում էր այցելություն Եղեռնի զոհերի հուշահամալիր, քանի որ պետական ծիսակարգը նախատեսում է այցելություն Ծիծեռնակաբերդ։

Նա հիշեցրեց, որ Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին 2004-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցելության ժամանակ այցելեց Ծիծեռնակաբերդ։

Իրանի նախագահը Երևան էր ժամանել երեկ։ Իրանի նախագահին ուղեկցում էր ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։
 

Ահմադինեժադը իր  հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչից հետո տեղի է ունեցել երկու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և երկու նախագահների մամուլի ասուլիսը։

Երեքշաբթի առավոտյան Իրանի նախագահը անսպասելիորեն ընդհատեց իր պաշտոնական այցը Հայաստան և վերադարձավ Թեհրան։ Արդյունքում տեղի չունեցան Ծիծեռնակաբերդ և Երևանի Երկնագույն մզկիթ այցելությունները, ինչպես նաև Ահմադինեժադի ելույթը Հայաստանի խորհրդարանում։--0--