Նիկոլայ Ռիժկովը կարծում է, որ ՀՀ առաջին նախագահի մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին անլուրջ է
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը կարծում է, որ ՀՀ առաջին նախագահի մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին անլուրջ է։
«Ես լսել եմ Տեր-Պետրոսյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, բայց չեմ հասկանում, թե ով է կանգնած նրա թիկունքին, ինչ ուժեր են նրան աջակցում, չէ որ նախագահ դառնալու համար պետք է ունենալ լուրջ ուժերի աջակցությունը։ Մեկ տոկոսանոց վարկանիշով թեկնածություն առաջադրելն անլուրջ է»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց նա։
Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց տասնամյա լռությունը, հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններում իր մասնակցությունը։
ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին, 2007 թ.-ի փետրվար ամսվա տվյալներով՝ կուսակցությունում գրանցված է 7 հազ. անդամ։
1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։ --0--