Հայաստանում լուրջ ռեզերվներ կան՝ տնտեսության տեմպերի զարգացումը շարունակելու համար. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում լուրջ ռեզերվներ կան՝ տնտեսության տեմպերի զարգացումը շարունակելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գոչծակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահն ասել է, որ տնտեսության ոլորտում բավականին բարենպաստ իրավիճակ է, գրանցվում է երկնիշ տնտեսական աճ, կան լուրջ ռեզերվներ՝ ևս մի քանի տարի նման զարգացում ունենալու համար:
«Հայաստանն այսօր նավթ չունեցող երկրների շարքում ամենից արագ զարգացող պետությունների թվում է»,- ասել է նախագահը։ Այս հաջողության հիմնական գրավականը Ռոբերտ Քոչարյանը համարել է իրականացված և իրականացվող արդյունավետ բարեփոխումները, որոնք առաջիկայում ևս շարունակվելու են` ընդգրկելով նոր ոլորտներ:
Նախագահը դիվանագետների ուշադրությունը կրկին հրավիրել է արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման աշխատանքներին` նկատելով, որ բոլոր երկրներում չէ, որ մեր դեսպանները լիարժեք իրացնում են տնտեսական համագործակցության ներուժը:
Ռոբերտ Քոչարյանը խոսել է երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մասին և ընդգծել, որ դրանք առաջ մղելու գործում անհրաժեշտ է լինել ավելի համարձակ և դրսևորել առավել մեծ ակտիվություն:
Երկրի ղեկավարը, կարևորելով այս հանդիպումները, ասել է. «Կյանքը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունն արդարացված էր և հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել պետության կողմից որդեգրած մոտեցումների վերաբերյալ, կատարել ընթացիկ ճշգրտումներ, հարստացնել փաստարկների բազան և տեղերում այդ ամենն առավել արդյունավետ ու նպատակաուղղված օգտագործել»
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը և անելիքները:-0-

