Նախատեսվում է բարեփոխել Հայաստանի պետռեգիստրի համակարգը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է բարեփոխել պետական ռեգիստրի համակարգը՝ այն ԵՄ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Անատոլի Մաթևոսյանը։
Նրա խոսքերով, բարեփոխումների հիմնական նպատակը պետք է դառնա պետռեգիստրի տվյալների բազայի հասանելիության ապահովումը ինտերնետում։ «Այդ դեպքում արտասահմանյան ցանկացած երկրի գործարար կարող է մեր հանրապետությունում գործունեություն սկսելու համար ստանալ իրեն անհրաժեշտ տվյալները»,- ասաց նա։
Մաթևոսյանի խոսքերով, պետռեգիստրի համակարգի կատարելագործումը և հասարակության համար կառույցի տվյալների բազայի հասանելիության ապահովումը Համաշխարհային բանկի պայմաններից մեկն է՝ Հայաստանում աղքատության հաղթահարման աջակցությանը վարկ տրամադրելու համար։
«Հույս ունեմ, որ Համաշխարհային բանկի օգնությամբ կստեղծվի մի ցանց, որը կմիավորի պետռեգիստրի բոլոր տարածքային ստորաբաժանումները»,- ասաց փոխնախարարը»։
Ինչպես նախկինում հայտարարել էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Համաշխարհային բանկը Հայաստանին 28 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրելու՝ աղքատության հաղթահարմանն աջակցելու համար։
Վարկը կուղղվի այնպիսի միջոցառումների աջակցությանը, որոնց նպատակը պետական կառավարման և վարչարարության ամրապնդումն է։ Նախարարը նշել է, որ բոլոր միջոցները գնալու են պետբյուջե, դրանցից 8 մլն. դոլարը հատկացվելու է մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելու համար։ --0—