Ղազախստանը հանդես է գալիս հայ-թուրքական խնդիրն ուղիղ երկխոսությամբ կարգավորելու օգտին

29.08.2007, 18:24
Ղազախստանը հանդես է գալիս հայ-թուրքական խնդիրն ուղիղ երկխոսությամբ կարգավորելու օգտին

Ղազախստանը հանդես է գալիս հայ-թուրքական խնդիրն ուղիղ երկխոսությամբ կարգավորելու օգտին։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Եռլան Կուբաշևը։

Նրա խոսքերով, Ղազախստանը հետևում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը և կարծում է, որ հարցը նախևառաջ պետք է կարգավորվի Հայաստանի և Թուրքիայի միջև։  

«Նախ երկու կողմերը պետք է պատմական գնահատական տան այն փաստերին, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարասկզբին, որից հետո արդեն դիտարկեն այդ հարցի կարգավորման հեռանկարները երկկողմ մակարդակի վրա»,-կարծում է Կուբաշևը։

Նա նշեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը բազմիցս ելույթ է ունեցել 20-րդ դարասկզբի փաստերին պատմական գնահատական տալու առաջարկով, ինչը հայկական կողմից դեռևս որևէ արձագանքի չի արժանացել։

«Հայկական կողմը տվյալ իրադարձությունների հետ կապված դեռևս առարկություններ ունի, ունի իր դիրքորոշումը, որն ընդունված է աշխարհի շատ պետությունների և միջազգային հանրության կողմից։ Մենք հետևում ենք գործընթացին և հանդես ենք գալիս ստեղծված իրավիճակի կարգավորման օգտին, քանի որ Եվրասիայում չլուծված հակամարտությունների առկայությունը բացասաբար է անդրադառնում ողջ տարածաշրջանի զարգացման վրա»,-ասաց Կուբաշևը։

Նա միաժամանակ նկատեց, որ Ղազախստանը Ասիայում վստահության միջոցառումների և համագործակցության խորհրդակցության նախաձեռնողն է։ Այդ կառույցի հիմնական նպատակն է Ասիայի երկրների միջև երկխոսության ձևավորումը՝ կոնֆլիկտային ներուժի նվազեցման նպատակով, ինչը չափազանց բարձր է Ասիայում։

Դիվանագետը կարծիք հայտնեց, որ իրավիճակի զարգացումը ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում հիմք է տալիս՝ Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և համագործակցության զարգացման մոտալուտ լուծման հույս ունենալու համար։

«Այսօր կան իրական հեռանկարներ և հայ-թուրքական խնդրի կարգավորման անհրաժեշտության վերագիտակցման գործընթաց, հատկապես Թուրքիայի՝ Եվրոմիություն մտնելու հեռանկարում»,-ասաց Կուբաշևը։

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան, որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—