Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն տնտեսական նախագծեր, ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստումը և Կովկասում տիրող իրավիճակը

23.08.2007, 14:17
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն տնտեսական նախագծեր, ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստումը և Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն տնտեսական նախագծեր, ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստումը և Կովկասում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Սոչիում կհանդիպի իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանին, որը Ռուսաստան կժամանի աշխատանքային այցով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին, նախագահները կքննարկեն երկու երկրների աշխատանքային փոխգործակցության մեծացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի մասնակցությամբ խոշոր նախագծերի իրականացման հարցը։ «Դրանց թվում են համագործակցությունը էներգետիկայի ոլորտում` «Գազպրոմի» մասնակցությամբ, որի շրջանակներում Հայաստանի տնտեսության մեջ 2006-2008 թթ.-ին կներդվի ավելի քան 500 միլիոն դոլար։ Քննարկվում են նաև Հրազդանի ՋԷԿ-ի զարգացման համար ռուսական կապիտալի ներգրավմանը, Մեղրի քաղաքի մոտ ՆՎԳ-ի կառուցմանը, երկաթգծերի արդիականացմանն ու Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, ատոմային էներգետիկային, ոսկու արդյունահանմանը վերաբերող հարցեր», - պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով, Վ. Պուտինը և Ռ. Քոչարյանը կքննարկեն նաև օրակարգի միջազգային հարցերը, այդ թվում՝ Կովկասում տիրող իրավիճակը, հոկտեմբերի սկզբին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ, ԿԱՊԿ և Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովների նախապատրաստումը, որտեղ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ։ «Երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բնութագրվում է բարձր մակարդակի շփումների մեծ ինտենսիվությամբ», - նշել է աղբյուրը։ Նա նշել է, որ Ռ. Քոչարյանի այցն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում. հունվարին Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կրկին հանդիպել են Սոչիում։ Բացի այդ, Վ. Պուտինը և Ռ. Քոչարյանը մասնակցել են հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ հունիսի 30-ին ՀՀ նախագահը, Պուտինի հրավերով, ներկա է գտնվել Դոնի-Ռոստովում տեղի ունեցած ձիարշավին, որտեղ խաղարկվում էր ՌԴ նախագահի մրցանակը։ Սերտ փոխգործակցություն է իրականացվում նաև կառավարությունների գծով. սեպտեմբերին Երևանում ծրագրվում է անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։ «Ռ. Քոչարյանի այցը տեղի է ունենում երկկողմ հարաբերություններում հիշարժան տարեթվի նախօրեին։ Օգոստոսի 29-ին նշվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Բարեկամության և համագործավցության մասին պայմանագրի տասը տարին։ Այդ կարևոր փաստաթուղթը ամուր հիմք դարձավ երկու երկրների բազմակողմանի փոխգործակցության զարգացման համար, որոնք այսօր ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով, դրական միտումներ են նկատվում երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության մեջ։ Այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առևտրի շրջանառությունը, 2006 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 70 տոկոսով՝ կազմելով 337 միլիոն դոլար։ Սպասվում է, որ տարվա արդյունքներով, ապրանքաշրջանառության ծավալը կհատի կես միլիարդի սահմանագիծը։ Ռուսաստանը արտասահմանյան գլխավոր ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ։ Ռուսաստանից Հայաստան 15 տարվա ընթացքում կուտակվել են մոտ 800 միլիոն դոլարի կապիտալ ներդրումներ։ Խոշորագույն ներդրողներն են «Գազպրոմը», «Վիմպելկոմը», ՎՏԲ-ն, «Ռուսալը»։-0-