Հայկական ծիրանի արտահանումը 2007թ. կազմել է 880 տոննա. ՀՀ Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական տվյալներով, 2007թ. Հայաստանից արտահանվել է 880 տոննա ծիրան։ Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության բուսաբանության, անտառտնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը։
Նրա խոսքերով, ապրիլյան երկարատև անձրևների հետևանքով ծիրանի ծաղկման շրջանում փոշիացում տեղի չունեցավ, ինչը բացասաբար անդրադարձավ բերքի վրա։ Պետրոսյանը հայտնեց, որ այս տարի ծիրանի բերքը կազմել է շուրջ 15-17 հազ. տոննա, ինչը գրեթե երեք անգամ պակաս է անցյալ տարվա ցուցանիշից։
«Չնայած դրան, ծիրանն արտահանվեց։ Միայն պաշտոնական տվյալներով, այն կազմել է 880 տոննա, ընդ որում, անկասկած, իրական թիվը կրկնակի մեծ է, քանի որ մինչև մեկ տոննա ապրանքի արտահանումը չի գրանցվում հարկային մարմինների կողմից»,- ասաց նա։
Պետրոսյանը նկատեց, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի արտաքին շուկաներում, և այս տարի ծիրանի 1 կգ.-ն արժեցել է հազար դրամից ոչ պակաս (մոտ 3 ԱՄՆ դոլար)։
«Ծիրան արտահանողներն, իհարկե, մեծ եկամուտ չեն ստացել, բայց այստեղ ավելի կարևոր էր չկորցնել շուկան և չխզել գործընկերների հետ կապերը։ Հայկական ծիրանը, միանշանակ, մեծ պահանջարկ ունի։ Քիչ չեն դեպքերը, երբ ադրբեջանցիները ծիրանը տանում են Մոսկվա և վաճառում «հայկական ծիրան» պիտակով»,- ասաց նա։
2006թ. Հայաստանում ծիրանի բերքը կազմել է 50 հազ. տոննա։ Պաշտոնական տվյալներով, տարեկան արտահանվում է միջինը 8-9 հազ. տոննա հայկական ծիրան։ Հայկական ծիրանի արտահանման աշխարհագրությունը սահմանափակ է, և սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է։--0—

