Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ խաղաղության համաձայնագրի շուրջ հայ–ադրբեջանական բանակցությունները հայտնվել են փակուղու մեջ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ հայ–ադրբեջանական բանակցությունները հայտնվել են փակուղու մեջ։
«Չեմ կարծում, որ փակուղի է, երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու (խաղաղության համաձայնագիրը, խմբ․) և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու», – ասաց Սիմոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով սահմանին հայկական կողմից իբր արձակած կրակոցների մասին հրապարակումներին՝ Սիմոնյանը նշեց, որ դրանք կարող են երկկողմ առանձին հետաքննության առիթ հանդիսանալ։
«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»,-ասաց նա:
«Ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվել՝ լավ իմանալով, որ հայերը մեկ է՝ չեն համաձայնելու», – ասաց Սիմոնյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի համար անակնկալ, որ Հայաստանն առաջարկում է ստորագրել ստորագրել խաղաղության համաձայնագիրը։