Ադրբեջանը գերիների գործոնն օգտագործում է էսկալացիոն նպատակներով․ Փաշինյան

14.03.2025, 10:59
Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում
Ադրբեջանը գերիների գործոնն օգտագործում է էսկալացիոն նպատակներով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում, և նաև մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար: Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը, ըստ էության, այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ և էսկալացիոն նպատակներով: Եվ երբ ասում են, որ Հայաստանի Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, եթե մարդիկ նման բան ասում են, նշանակում է բավարար չափով տեղեկացված են: Եթե բավարար չափով տեղեկացված են, ուրեմն պետք է հաջորդ քայլն էլ անեն և ցույց տան՝ այդ ո՞ր գործողությունն է, որ Հայաստանի Կառավարությունը պիտի անի, և դա կբերի արդյունքի և Կառավարությունն այդ ջանքը չի գործադրում», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում։

«Բայց մինչև 2023 թվականի դեկտեմբերին մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը, մինչև այդ վերջին վայրկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ, և որ Կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ Կառավարությունն անում էր, և դա իմացվեց ընդամենն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց, և դա ակնհայտ դարձավ։ Ես արդեն ասացի, դա ցավոտ հարց է, բայց կա նաև հետևյալը՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ խնդիրը ցավոք, էլի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ, ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որն իհարկե անհանգստացնող է, անընդունելի և Հայաստանի Կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել», – ասել է Փաշինյանը։