Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ, բայց այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացումից հետո փաստն իսկ պիտի նշանակի, որ այդ պայմանագիրը չի հակասում Սահմանադրությանը:
Վավերացման պահից այն ստանում է գերակա ուժ մնացած բոլոր հնարավոր օրենքների նկատմամբ: Եվ սա մի գործոն է, որը նույնպես անպայման պետք է հաշվի առնել։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ։
Նա նաև արձանագրեց, որ իրականությունը մի փոքր հակառակն է:
«Իրականությունն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Սա ինչո՞վ է հիմնավորվում: 1991 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտն ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում և դա արձանագրված է Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում և բխում է համաձայն սահմանադրական ակտի՝ 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման հռչակագրի հիման վրա: Այսինքն՝ Սահմանադրությունը հենվում է 1991 թվականին ընդունված պետական անկախության ակտի վրա, պետական անկախության ակտը 1991 թվականին ընդունված՝ հենվում է 1918 թվականի անկախության հռչակագրի վրա: Իսկ 1918 թվականի անկախության հռչակագրում ասվում է, որ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը, և ավելին՝ 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին և նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի ժողովրդավարական Հանրապետության գրանցման համար ներկայացրել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզից որոշակի հատվածներ», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այս ամենն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
«Բայց կարևոր է արձանագրել նաև, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, մենք չենք բարձրացնում այդ հարցը, ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք ունենք դրույթ, որն ասում է հետևյալը, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը որպես արդարացում՝ տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար: Այսինքն՝ մենք մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար, այդ թվում՝ այն պատճառով, որ համարում ենք, որ խաղաղության պայմանագրի իմ խոսքի սկզբում հիշատակված տեքստն ամբողջությամբ արձանագրում և հասցեագրում է այդ խնդիրը, և միջազգային պայմանագրով մենք արձանագրում ենք, որ կողմերն իրենց ներքին օրենսդրությանը չեն կարող հղում անել միջազգային պայմանագրով, խաղաղության պայմանագրով արձանագրված պարտավորությունները կատարելու համար», – ընդգծեց Փաշինյանը։

