Եթե տեսանք` ՀԱՊԿ-ը անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու. Սամվել Կարապետյան

22.05.2026, 17:39
Եթե այս իշխանությունները գիտեն, որ անիմաստ կազմակերպություն է ՀԱՊԿ-ը, ապա ինչի՞ դուրս չեն գալիս, ասել է Կարապետյանը

Եթե տեսանք` ՀԱՊԿ-ը անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու. Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ եթե իշխանության գալուց հետո իրենք տեսնեն, որ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս են գալու։

«Մենք առաջին հերթին ուսումնասիրելու ենք այդ պրոցեսները, ինչի համար են ՀԱՊԿ-ն իրենց այդպես պահել, ինչի համար Ռուսաստանն է իրեն այդպես պահել։ Եթե տեսանք` անիմաստ կազմակերպություն է, իհարկե, դուրս ենք գալու», - ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ եթե գործող իշխանությունները վստահ են, որ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, և արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են դրա մասին, ապա կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ, սակայն չեն անում դա։

«Միգուցե իրենք չե՞ն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Ալիևը կամ Էրդողանը թույլ չե՞ն տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ։ Չուսումնասիրե՞նք պատճառները», - նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով Հայաստանի` ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցմանը, նա նշեց, որ կամ պետք է դուրս գալ կամ մնալ։

«Մենք, եթե իրոք տեսանք, զգացինք, որ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և հիմա էլ մեզ համար պետքական կառույց չի, շատ արագ կանենք հետևություններ։ Չորս տարի չենք տանջվելու, որ բացատրենք մարդկանց, մենք սառեցրել ենք, նստենք, սպասենք, ով է մեր գլխին տալիս», - ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում հարց է առաջանում, թե ով է լինելու փոխարինողը։

«Հենա, Մակրոնն այստեղ էր, կարար մի սիրուն պայմանագիր ստորագրեր, որ Ֆրանսիան մեր երաշխավորն է բոլոր հարցերում։ Ես դեմ չեմ, ավելի ուրախ կլինեմ, թող Ամերիկայի հետ ստորագրի։ Բայց ունենք այն, ինչ ունենք, ունենք ՀԱՊԿ-ը, ունենք Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրեր, հիմա դուրս ենք գալիս և մնում ենք Ալիևի երաշխավորության տակ, դա ինչի՞ է բերելու մեր երկիրը»,-ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` այդ պատճառով է, որ նմանատիպ հարցերին իրենք էմոցիոնալ չեն վերաբերվում։

Նա նշեց, որ իրենք ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու են և մեծամտություն չեն անելու։

«Կարող է զարմանաք, բայց ես Նիկոլ Փաշինյանից էլ եմ հարցնելու, թե ինչ է կատարվել, որ հասկանանք պրոբլեմները։ Ա՛յ, իր սխալն էր, որ փորձառու մարդկանցից կարծիք չհարցրեց՝ ոնց պատերազմ վարեմ, գնաց, արագ ստորագրեց, հանձնեց, վազելով եկավ ու սկսեց Հայաստանում մեղավորներ ման գալ, թե ինչի՞ չես մեռել, էն մյուսն ինչի՞ չի մեռել», - ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` երբ մարդն ասելու բան չունի, սկսում է զառանցել, և իրենք հիմա զառանցում են։

Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին և հրաժարվեց վճարել անդամավճարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպությունը չի կատարել պաշտպանական պարտավորությունները Հայաստանի առջև, այդ թվում՝ 2021–2022 թվականներին, և դրանով իսկ սպառնալիքներ է ստեղծել երկրի անվտանգության ու ինքնիշխանության համար։

ՀՀ ԱԳՆ-ում հայտարարում էին, որ անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել Ադրբեջանի կողմից հայկական տարածքի օկուպացիային ՀԱՊԿ երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում։ Միաժամանակ, 2025 թվականի վերջին Երևանում նշում էին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը պաշտոնապես չի քննարկվում։

ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են տեղեկացնել Երևանին ընդունվող որոշումների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանը սատարում է կազմակերպության որոշումները՝ մնալով դրա մասնակիցը, սակայն չի մասնակցում նիստերին։