Դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
«2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով», - նշված է Խաչատրյանի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել «Մայր Հայաստանի» գրասենյակում։
Երեկ Քննչական կոmիտեից հայտնել էին, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա.Թ.-ն (Անդրանիկ Թևանյան, խմբ․), հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։
Թևանյանն իր նկատմամբ հարուցված քրեական գործը անվանել է շինծու և աբսուրդային՝ պարզաբանելով, որ 2023 թվականին վայր է դրել ԱԺ պատգամավորի մանդատը և ֆիզիկապես չէր կարող մասնակցել խորհրդարանում անցկացվող փակ լսումներին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանաձորում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսելով Անդրանիկ Թևանյանի մասին, հայտարարել է, որ «վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով»։

