ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։
Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թևանյանին», - գրել է նա Facebook-յան իր էջում։
Ավելի ուշ Մանուկյանը հայտնել է, որ «Մայր Հայաստանի» գրասենյակում իրականացվող քննչական գործողությունները դեռ շարունակվում են։
Քննչական կոմիտեից «Նովոստի Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ երեկվա հաղորդագրությունից ավելին այս պահին չեն հայտնում։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոmիտեից հայտնել էին, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն (Անդրանիկ Թևանյան, ով այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է, խմբ․) հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանաձորում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսելով Անդրանիկ Թևանյանի մասին, հայտարարել է, որ «վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով»։

