Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

21.05.2026, 22:58
Նախօրեին Փաշինյանը, խոսելով Անդրանիկ Թևանյանի մասին, հայտարարել է, որ «վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով»։
Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն (Անդրանիկ Թևանյան, ով այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է, խմբ․) հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։ 

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ», – նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանաձորում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսելով Անդրանիկ Թևանյանի մասին, հայտարարել է, որ «վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել է, որ Թևանյանը հայրենասեր մարդ է, ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է, եղել է ընդդիմադիր։

«Եթե «շպիոն» ա, տանենք գնդակահարենք ուղիղ հրապարակում», – ասել է Ծառուկյանը։

Ինքը՝ Թևանյանն, ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ եթե Փաշինյանն ուղիղ եթերում նման հրահանգներ է տալիս իրավապահներին, նշանակում է, որ շատ է նյարդայնանում։ Նա նաև Փաշինյանին անվանել է «հայկական Զելենսկի։

«Նիկոլ, դու՝ որպես հայկական Զելենսկի, չես կարողանալու կյանքի կոչել այն ծրագիրը, որը քեզ դրսից պարտադրել են», – հայտարարել է Թևանյանը։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։