Ովքե՞ր են ԱԺ ընտրությունների մրցապայքարի առաջատարները․ հարցման արդյունքներ

22.05.2026, 14:44
ՀՀ–ում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը
Ովքե՞ր են ԱԺ ընտրությունների մրցապայքարի առաջատարները․ հարցման արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Gallup International Association-ի կողմից Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը:

2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին գրանցված է 19 քաղաքական ուժ։

Ինչպես հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 28,8%-ը հայտարարել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,9%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Առաջատարների եռյակը եզրափակում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 12,1%-ով։

«Հարցվածների 8,7%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, 5,8%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության, 3,4%-ը՝ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության, 2,9%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին»,- ասել է նա։

Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 2,8%-ը հայտարարել է Հայաստանի շնորհապետական կուսակցությանը սատարելու մասին, «Նոր ուժ» կուսակցությանը՝ 2,7%, «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը՝ 1,9%, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,3%, «Հանուն Հանրապետության» կուսակցությանը՝ 0,5%, «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությանը՝ 0,4%, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 0,3%, 0,2-ական %՝ Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցությանը և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը, 0,1-ական %՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը, «Ալյանս» կուսակցությանը և Ռեֆորմիստների կուսակցությանը։

Նա հայտնել է, որ հարցվածների 8,6%-ը հրաժարվել է պատասխանել հարցին, 3,4%-ը դժվարացել է պատասխանել, 0,9%-ը հայտարարել է, որ կփչացներ քվեաթերթիկը։

Մայիսի 19-21-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1102 մարդ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին անցկացված նախորդ նմանատիպ հարցման արդյունքներով՝ հարցվածների 26,7%-ը հայտարարել էր, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,1%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 8,2%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 7,5%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4,2%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։