ՀՀԿ ընտրացուցակները պարզ կդառնան մինչև շաբաթվա վերջ. հայտնի է, թե ով կընդգրկվի առաջին եռյակում

09.02.2017, 11:27
ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար։
ՀՀԿ  ընտրացուցակները պարզ կդառնան մինչև շաբաթվա վերջ. հայտնի է, թե ով կընդգրկվի առաջին եռյակում
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, գրում է «Ժողովուրդը»։ Դա կորոշվի ՀՀԿ ԳՄ նիստում։

Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար։

Թերթի հաղորդմամբ, իրավիճակի թեժացմանն ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու), և բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ, ընդհանրապես, լինելու են, թե ոչ։

«Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել», – գրում են հոդվածի հեղինակները։

Թերթի նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը։–0–