Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը 50%-ով ալիևյան է լինելու, 50%-ով՝ փաշինյանական․ ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը 50%-ով ալիևյան է լինելու, 50%-ով՝ փաշինյանական։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ընդդիմախոսների կողմից հնչող «ալիևյան խաղաղություն» ձևակերպմանը։
«Մենք ո՞ւմ հետ ենք նախ կոնֆլիկտի մեջ եղել՝ Ադրբեջանի, չէ՞։ Ադրբեջանի նախագահն Ալիևն է, չէ՞։ Ես որ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ, ո՞ւմ հետ եմ ստորագրելու։ Գնամ, ամենայն հարգանքով, թող ներեն գործընկերները, ասենք, Ուրուգվայի նախագահի հե՞տ ստորագրեմ խաղաղության համաձայնագիր։ Պիտի Ադրբեջանի նախագահի հետ ստորագրեմ, չէ՞», – ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը 50%-ով ադրբեջանական է, 50%-ով՝ հայկական։
«Այդ խաղաղության համաձայնագիրը 50%-ով լինելու է ալիևյան, այսօր էլ է 50%-ով ադրբեջանական, 50%-ով էլ հայկական է, 50%-ով էլ փաշինյանական է», – նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ռազմավարական որոշում կայացնի՝ ելնելով սեփական պետական շահերից։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ են ճիշտ դիրքավորում, խաղաղություն և ինստիտուցիոնալ պետություն՝ երկրի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու ժողովրդավարությունն ապահովելու, ինչպես նաև պետությունը սերնդեսերունդ փոխանցելու համար։
Վարչապետն ընդգծել է, որ հարատև պետության հայեցակարգն ամենակարևորն է։

