Հայաստանը ռուսական ռազմակայանի ներկայության կարիք չի տեսնում․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետությունը երկրում ռուսական ռազմակայանի ներկայության կարիք չի տեսնում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Մոսկվա առաջիկա այցի օրակարգին։
«Ես երբեք ռազմաբազայի թեմա չեմ բարձրացրել, Ռուսաստանն է բարձրացրել։ Ես հստակ ասում եմ՝ եթե իրենք այդ հարցը բարձրացրել են, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիք Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում», – ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը չի նախաձեռնել ռազմակայանի վերաբերյալ քննարկումը։ Նրա խոսքով՝ թեման բարձրացվել է Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, ընդ որում՝ բուն հանդիպման ընթացքում այդ հարցը չի քննարկվել։
«Հարցուպատասխանի ժամանակ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահն ասաց՝ եթե հայկական կողմն ուզի, որ մենք դուրս բերենք, մենք դուրս կբերենք։ Դրանից հետո լրագրողներն ինձ հարցրին, ես ասացի՝ մենք չենք տեսնում մեզ համար ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պահել, դա քննարկման հարց է», – նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կայանալիք քննարկումների ընթացքում պետք է պարզել, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է պահպանել ռազմակայանը Հայաստանում։
«Եթե ցանկանում է պահել, դա մի իրավիճակ է, եթե չի ցանկանում պահել, դա երկրորդ իրավիճակն է։ Այսինքն՝ իրենք հիմա, երբ ասում են, որ այդ հարցը քննարկվելու է, պետք է ասեն՝ ուզում են պահել, թե չեն ուզում պահել։ Ես այդպես եմ պատկերացնում, համենայն դեպս, ես ուրիշ թեմա չեմ տեսնում», – ասել է վարչապետը։

