Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, եթե ընդդիմությունը չաջակցի սահմանադրական հանրաքվեին
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չաջակցի նոր Սահմանադրության հանրաքվե նշանակելու որոշմանը, ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրվի վարչապետի թեկնածու։
Ավելի վաղ վարչապետն ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Նա հայտարարել էր, որ եթե ժողովուրդը հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկի նախագծին, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից, իսկ եթե կողմ քվեարկի, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
«Եթե այս գործարքը տեղի չի ունենում, բնականաբար, հերթական ընտրություններում ես այս առաքելությունը չեմ կարող կիսատ թողնել, ասել՝ դե ես գնացի։ Այսինքն՝ այդ արտահերթ ընտրություններում ես կհավակնեմ լինել վարչապետի թեկնածու», - ասել է Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմությունը խաղաղության ճանապարհին վերջին խոչընդոտն է։
Նրա խոսքով՝ իշխանությունն այժմ հանրության հետ է խոսում՝ ընդդիմության դիրքորոշման վրա հանրային ճնշում ձևավորելու նպատակով։
«Մենք հանրության հետ ենք հիմա խոսում, մենք հանրությանն ենք այս ուղերձը տալիս։ Մենք այս ուղերձով, այս ճանապարհով ենք մեր ուղերձը տալիս ընդդիմությանը։ Ես երբ ասում էի հանրային ճնշում գեներացնենք, ես սա նկատի ունեի, ո րի վերջո ընդդիմությունը պետք է ճնշումը զգա, որ հանրությունը ասի՝ օքեյ, ամեն ինչ հասկացանք, բայց խաղաղության ճանապարհին պետք է խոչընդոտ չդառնաք, և իրենք պետք է քվեարկեն Սահմանադրության հանրաքվեի օգտին», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ նոր Սահմանադրության տեքստը դեռևս առաջին նախագիծն է, և առաջիկա ամիսներին դրա վրա լուրջ աշխատանք է տարվելու։ Լրամշակումից հետո նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը, ապա կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման։

