Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ սպասվում է առատ ձյուն, ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանո
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ առատ ձյուն։
Երևանում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին, 3-ի երեկոյան և 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի ուշ երեկոյան և 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։
Վարորդներին հորդորում են ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն։
Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 1–3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13–15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1–3-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2–3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8–12 աստիճանով։

