Փաշինյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը

29.11.2026, 22:42
ՀՀ վարչապետը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե ներքին կամ արտաքին շարժառիթներով, այլ պետության ռազմավարական դիրքավորման փոփոխությամբ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Սահմանադրության ներքին և արտաքին շարժառիթ չկա, խոսքը պետության դիրքավորման մասին է։ Դու որտեղ ես կանգնած, ինչ դիրքով ես կանգնած, սրա մասին է խոսքը», – ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ավելի ճիշտ է խոսել ոչ թե Հայաստանի քաղաքականության, այլ դիրքավորման փոփոխության մասին։

«Քաղաքականությունը փոխելը հնչում է ընթացիկ, որ այսօր փոխում ենք, կարող ենք վաղն էլ հետ փոխել, իսկ երբ խոսում ենք դիրքը փոխելու մասին, ռազմավարական պատկերն ու տեսլականը փոխելու մասին, դա լրիվ ուրիշ պատմություն է», – նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հենց այս տրամաբանությամբ էլ առաջացել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ներքին ինստիտուցիոնալ պատճառներով։

Արտաքին երաշխիքների մասին

Անդրադառնալով արտաքին երաշխիքների հարցին՝ վարչապետը բերել է գլխավերևում կախված սառույցի օրինակը՝ նշելով, որ Հայաստանը երկար ժամանակ փորձել է երաշխիքներ ստանալ հնարավոր վտանգներից խուսափելու համար՝ իր դիրքավորումը փոխելու փոխարեն։

Նրա խոսքով՝ Հայաստանը մինչև առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 6-ը իներցիայով շարունակել է վարել նախկին քաղաքականությունը։

«Խոսել ենք, երաշխիքներ ենք ունեցել, նույնիսկ երաշխավորված պայմանագրեր ենք ունեցել և այլն։ 2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հասկացել ենք, որ մենք ուղղակի սառույցի տակ պիտի չկանգնենք, որովհետև այդ սառույցը մեկ է, մի օր ընկնելու է», – ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի հետ հարաբերությունների և հնարավոր սպառնալիքների մասին

Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ վստահության հարցին՝ Փաշինյանը նշել է, որ դեռևս 2024 և 2025 թվականներին հնչում էին տեսակետներ, թե ինչպես կարելի է վստահել Ադրբեջանին և նրա հետ փաստաթուղթ ստորագրել։

Վարչապետի խոսքով՝ եթե հարաբերությունները հիմնված լինեին վստահության վրա, բանավոր պայմանավորվածությունները բավարար կլինեին, և փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի։

Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի առջև ծառացած հնարավոր սպառնալիքները չպետք է դիտարկել բացառապես Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։

«Ո՞վ է ասել, որ աշխարհում մենակ Ադրբեջանն է։ Իսկ ո՞վ է ասել, որ պոտենցիալ սպառնալիքները մենակ Ադրբեջանից են։ Իսկ ո՞վ է ասել, որ այլ սպառնալիքներ չկան։ Այսինքն՝ մենք խոսում ենք երկրի դիրքի և դիրքավորման մասին», – նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին ձեռք բերված ինստիտուցիոնալ իմացությունը պետք է վերածվի պետական ռեսուրսի և ծրագրի, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր դիմադրողականությունը հնարավոր սպառնալիքների նկատմամբ։