ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ

25.02.2017, 10:45
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հակառակորդը փետրվարի 25-ին ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը>>

Ադրբեջանական զինուժն օգտագործել է  ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ:

Ըստ հաղորդագրության, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում:

Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Հաղորդմա մեջ նշվում է, որ ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն, արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:-0-