Ղարաբաղի պաշտպանության բանակի 20-ամյակին նվիրված զինվորական շքերթ կանցկացվի մայիսի 9-ին Ստեփանակերտում. ԼՂՀ պաշտպանության նախարար

20.01.2012, 13:36

ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման և Շուշի քաղաքի ազատագրման 20-ամյակին նվիրված զինվորական շքերթ է նախատեսվում անցկացնել մայիսի 9-ին Ստեփանակերտում, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

 «Դեռևս  նախորդ տարվա դեկտեմբերին հաստատվել է զորահանդեսի պատրաստման ծրագիրը: Նախօրեին ԼՂՀ ՊԲ ղեկավար կազմի հետ միասին որոշում է ընդունվել զորահանդեսի մասնակիցների կազմի մասին», - նախօրեին նշել է Հակոբյանը Հայրենական պատերազմի հաղթանակի օրվան, ԼՂՀ ՊԲ ստեղծման և Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ: 

ԼՂՀ պաշտպանության նախարարը նպատակահարմար է համարում զորահանդեսին ղարաբաղյան բանակի տարբեր ստորաբաժանումների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, Փրկարար ծառայության, ԼՂՀ ազատամարտիկների և Հայրենական պատերազմի վետերանների միության ներկայացուցիչների մասնակցությունը:

«Զորահանդեսին կցուցադրվի սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծ քանակություն: 2007 թ.-ի զորահանդեսի համեմատ՝ այս զորահանդեսի սպառազինության և տեխնիկայի ծավալները կրկնակի ավել կլինեն», - ասել է Հակոբյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև տոնի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող տարատեսակ հարցեր, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:-0-