ԼՂՀ խորհրդարանի խոսնակն ավստրալացի սենատորին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

27.12.2011, 18:21
ԼՂՀ խորհրդարանի խոսնակն ավստրալացի սենատորին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Նախօրեին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատի սենատի անդամ Վոլթ Սեքորդին, հաղոդրում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հայտնելով, որ Ավստրալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ է, ավստրալացի սենատորը նշել է, որ Արցախ է ժամանել ճանաչողական այցով։

Նա տեղեկացրել է նաև, որ Նոր Հարավային նահանանգն Ավստրալիայում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց նրա այցի կապակցությամբ և ասել է, որ Ավստրալիան այն երկրների շարքում է, որտեղից հայերը մշտապես բարեկամական վերաբերմունք են զգում և ակնկալում:

Զրույցի ընթացքում խորհրդարանի նախագահը սենատորի խնդրանքով ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումները, այդ համատեքստում կողմերի դիրքորոշումները, հիմնախնդրի արդարացի լուծման վերաբերյալ արցախահայության ակնկալիքները։         

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ -0-