Համահայկական հինգերորդ խաղերի ջահը վառվել է Ղարաբաղի Հովհաննես Մկրտչի տաճարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համահայկական հինգերորդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչի տաճարում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Համահայկական հինգերորդ խաղերը Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 13-21-ը՝ «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսով:
Ջահի վառման արարությանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Հայաստանից և Սփյուռքից բազմաթիվ հյուրեր:
Ղարաբաղի պետության ղեկավարն իր ելույթում ողջունել է ներկաներին արցախյան հին հողում:
«Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարևոր և խորհրդավոր միջոցառման... Եվ դա պատահական չէ: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը ողջ հայության համախմբման խորհրդանիշն է դարձել»,- ասել է Սահակյանը՝ նշելով, որ նման միջոցառումները Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր և անփոփոխ եռամիասնության վկան են:
«Եվ այդ եռամիասնության հետագա ամրապնդման տեսանկյունից մենք նշում ենք Համահայկական խաղերի դերի կարևորությունը, որն ըստ էության ոչ միայն մրցակցություն է, այլ նաև մեր ժողովրդի համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում: Հաղթանակի ոգին միշտ պետք է անսասան լինի յուրաքանչյուր հայի մոտ և ուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում»,- նշել է Սահակյանը:
Ղարաբաղի ղեկավարը հայտնել է, որ Հինգերորդ խաղերին մասնակցում է շուրջ 100 արցախցի մարզիկ: «Նրանք ջանասիրաբար մարզվել են և պատրաստ են արժանի ելույթ ունենալ և պայքարել մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում մեծ ուշադրությամբ հետևելու ենք խաղի ընթացքին և մեր մարզիկների մասնակցությանը»,- ասել է Սահակյանը:
ԼՂՀ նախագահը Խաղերի բոլոր մասնակիցներին հաջողություն և ամենայն բարիք մաղթեց՝ նշելով, որ մրցույթները նոր ուժ ու եռանդ կհաղորդեն և ավելի մեծ հաղթանակների սկիզբ կդառնան:
Համահայկական հինգերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի օգոստոսի 13-ին Երևանի «Հանրապետական մարզադաշտում»:
Մասնակիցների թիվը ռեկորդային կլինի՝ 3 հազար մարզիկ, ովքեր Հայաստան կժամանեն աշխարհի 100 քաղաքներից: Համահայկական խաղերն անցկացվում են 10 մարզաձևով՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աթլետիկա, մինի-ֆուտբոլ: -0-