Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ է տեսնում

23.06.2011, 14:15
Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ է տեսնում
Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ է տեսնում

ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները նախօրեին հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորություններ է ստեղծում։

Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը ծրագրված է հունիսի 24-ին։
«Այստեղ կա նման հնարավորություն, և նրանք պետք է օգտվեն դրանից, որպեսզի խաղաղ կերպով լուծեն իրենց տարաձայնությունները»,- Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Տոները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-