5 անձի նկատմամբ կայացվել է ցմահ դատավճիռ. Բաքվում հրապարակվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները

05.02.2026, 16:05
Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին
5 անձի նկատմամբ կայացվել է ցմահ դատավճիռ. Բաքվում  հրապարակվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռները։

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին,  Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ 

Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։

Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանը մեղադրում է մի քանի տասնյակ շինծու հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման և այլն:

Բաքվի հայ գերիների մասին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

  Նշենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։