Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա աշխարհի կողմից ագրեսիա կգնահատվի. ռուս փորձագետ

Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա համաշխարհային հանրության կողմից ագրեսիա կգնահատվի, կարծում է ռուս փորձագետ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:
«Այժմ Ռուսաստանում կրկին ասեկոսեներ են տարածվել այն մասին, թե Ադրբեջանը հարձակվելու է Ղարաբաղի վրա, նույնիսկ նշվում է, թե երբ՝ ապրիլին: Սակայն մենք հասկանում ենք, որ դա անիրական է: Իլհամ Ալիևն ինքը հասկանում է, որ Ղարաբաղի վրա հարձակումը միջազգային հանրության կողմից կգնահատվի որպես ագրեսիա, իսկ նա ոչ մի դեպքում չի ցանկանա հանդես գալ ագրեսորի դերում», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զախարովը:
Միաժամանակ փորձագետն ավելացրեց, որ Ալիևի մշտական հայտարարությունները, մշտական զենք ճոճելը չեն իջնում մամուլի էջերից և հնչում են տարբեր հանդիպումների ժամանակ:
Զախարովի կարծիքով՝ ղարաբաղյան խնդիրը կարող է դեռ չլուծվել:
Փորձագետը կարծում է նաև, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը տարբերվում է Ադրբեջանի դիրքորոշումից:
Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանը բազմաթիվ անգամ նշել է, թե Իրանի դիրքորոշումն իբր համաձայնեցվում է ադրբեջանականի հետ Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության կապակցությամբ, սակայն Իրանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի միայն խաղաղ կարգավորում է ցանկանում:
Այդ մասին մասնավորապես հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:-0-