Ղարաբաղում արտադրական ենթակառուցվածքների նախարարություն կստեղծվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությունը նախօրեին այս տարվա մեջ առաջին նիստի ժամանակ առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում՝ կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԼՂՀ ԱԺ քննարկման ժամանակ կներկայացվի օրինագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը վերածել նախարարության և լուծարել ջրային տնտեսության վարչությունը: Վերջինիս գործառույթները կկատարեն նորաստեղծ նախարարությունը և ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: Առաջարկվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջում:
Կառավարության նիստի ընթացքում հավանության է արժանացել ԼՂՀ ֆինանսների նախարարության աշխատակազմում որպես առանձին ստոորաբաժանում ֆինանսական վերահսկողության տեսչության ստեղծման մասին որոշումը:
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հայտարարել է, որ նոր կարգավիճակ է տրամադրվում մինչ օրս նախարարությունում գործող ֆինանսական վերահսկողության վարչությանը, կառավարման ձևը համապատասխանեցվում է հայկական մոդելին:-0-