Ղարաբաղում կնշեն Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը
Նախօրեին տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը:
Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին. 20 տարի առաջ, այդ տոն օրը Գանձասարի օծմամբ ազդարարվեց Արցախի թեմի վերաբացումը:
Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերներ ունեն Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ պետական այրեր, խոշոր բարերարներ:
Սեպտեմբերի 27-ին Գանձասարում կմատուցվի սուրբ պատարագ: Հաջորդ օրը առավոտյան վեհափառ հայր Գարեգին Երկրորդը Արցախի պետհամալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողներ հետ: Համալսարանի սրահում տեղի կունենա Թեմի հրատարակած երկու`«Արցախի Թեմ» և «Գանձասար» գրքերի շնորհանդեսը:
Նույն օրը երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ընթացքում կհնչեն ելույթներ, 20 տարվա աշխատանքները կներկայացնի Արցախի թեմի առաջնորդը, կցուցադրվի թեմի մասին պատմող տեսաֆիլմ, թեմի ստեղծման մասին կներկայացվի պատմական ակնարկ: Դրանց կհաջորդի հոգևոր համերգ: Այդ օրերին մշակույթի և երիտասարդության պալատի առաջին և երկրորդ հարկերի նախասրահներում կկազմակերպվեն թեմի հրատարակած գրքերի և լուսանկարների ցուցահանդեսներ:
Նիստի ընթացքում հանձնաժողովն ընդունել է թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոգևորականների և աշակերտների հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ ԿԳ նախարարի առաջարկը:
Պետական հանձնաժողովը նպատակահարմար է գտել սեպտեմբերի 27-ի Սուրբ պատարագը ուղիղ եթեր հեռարձակել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Համապատասխան առաջարկ կարվի նաև հայաստանյան հեռուստաալիքներին: Միջոցառումները լուսաբանելու համար կհրավիրվեն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:-0-