ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարսելում կայացած համաժողովին

27.05.2009, 17:44
ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարսելում կայացած համաժողովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի Պոլ Սեզանի համալսարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքը հարավկովկասյան հակամարտությունների քաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով համաժողովը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, ԱԺ պատգամավոր Սիլվի Անդրիոն, ՖԿՀԿ նախագահ Պասկալ Շամասյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ, կազմակերպությունների ղեկավարներ և հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության ակունքներին ու սկզբնապատճառներին: Միաժամանակ նա նշեց հակամարտությունը ուժի միջոցով լուծելու անհնարինությունը և ընդգծեց ադրբեջանաղարաբաղյան և համանման այլ հակամարտությունների կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի դերի կարևորությունը:

Մշտական ներկայացուցիչը նշեց, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատման գրավականն է:

Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման կոմիտեի /ՖԿՀԿ/ մարսելյան բյուրոյի նախաձեռնությամբ:-0-