Ղարաբաղի խորհրդարանի յոթերորդ նստշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության քննարկման թեման չորրորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ղարաբաղյան խորհրդարանի ղեկավարը խորհրդակցության ընթացքում հայտնեց, որ այսօր արդեն ավարտվել է 2009թ. պետական բյուջեի և ուղեկից օրենքների նախագծերի նախնական քննարկումների փուլը, որի ընթացքում ձևավորված պատգամավորական առաջարկություններն ամփոփ տեսքով՝ ժամանակացույցով սահմանված ժամկետում, կուղարկվեն կառավարություն։
«Նստաշրջանի օրակարգում առկա են ոչ բյուջետային բնույթի մի շարք օրինագծեր և այլ փաստաթղթեր ևս, որոնք, պատրաստ լինելով, նույնպես ընթացիկ ամսում ենթակա են խորհրդարանական քննարկման։ Ընդ որում, նշված օրինագծերի մի որոշակի մասում սահմանադրական փոփոխություններ են ենթադրվում, որով, փաստորեն, նախապես սահմանված ժամկետում, ավարտին է մոտենում գործող օրենսդրությունը ԼՂՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը»,- նշեց Ղուլյանը։
Խորհրդակցության ընթացքում լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների, հրատապության և պատրաստության աստիճանի, այդ ընթացքում առաջացած խնդիրների ու դրանց լուծումների մասին։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը։ Քննարկմանը մասնակցում էին խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավարներն ու աշխատակազմի ծառայությունների պատասխանատու աշխատակիցները։ -0-

