2009թ. հունվարից Ղարաբաղում կսկսվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանադրական արդարադատության իրագործումը. ՀՀ ՍԴ ղեկավար
2009թ. հունվարից Ղարաբաղում կսկսվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանադրական արդարադատության իրագործումը, հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Արցախում այս գործընթացը կիրականացնի ԼՂՀ Գերագույն դատարանի սահմանադրական ատյանը»,-ասաց ՀՀ ՍԴ ղեկավարը ԼՂՀ Ազգային ժողովում անցկացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով համաժողովի ընթացքում։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հերթին հայտարարեց, որ համաժողովը կաջակցի ԼՂՀ դատաիրավական համակարգին մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Համաժողովը նվիրված էր մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 60-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության օրվան։
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Գերագույն դատարանը, ԼՂՀ պետաիրավական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովը, հանրապետության Արդարադատության նախարարությունը և ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը։
2006թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ ԼՂՀ Սահմանադրության առաջին նախագծի համազգային հանրաքվեն։ ԼՂՀ Սահմանադրության օգտին «կողմ» քվեարկել են հանրապետության 77 հազ. 279 քաղաքացիներ, «դեմ»՝ 554-ը։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել էր 90077 մարդ։
Այսուհետ այդ օրը ԼՂՀ-ում ներառված է տոնական օրերի շարքում և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։ Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ --0—

