Ղարաբաղի քաղաքական կուրսը համապատասխանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կետերին. ԼՂՀ խորհրդարանի խոսնակ

10.12.2008, 16:33
Ղարաբաղի քաղաքական կուրսը համապատասխանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կետերին. ԼՂՀ խորհրդարանի խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի քաղաքական կուրսը համապատասխանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կետերին, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, լինելով փաստացիորեն կայացած և կենսունակ պետություն, հետևում է ազատությունների և մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին»,- ասաց ղարաբաղյան խորհրադարանի ղեկավարը ԼՂՀ Ազգային ժողովում անցկացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով համաժողովի ընթացքում։

Ըստ նրա, Սահմանադրական հանրաքվեն, որն անցավ Ղարաբաղում 2006թ. դեկտեմբերի 10-ին, ժամանակով համընկավ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի հետ, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, առաջնորդվելով գործող օրենսդրությամբ, իրականացրեց ինքնորոշման իր իրավունքը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը այլընտրանք չունի, և մենք չենք դադարում հայտարարել այդ մասին»,- նշեց Ղուլյանը։

Համաժողովը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության օրվան։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Գերագույն դատարանը, ԼՂՀ պետաիրավական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովը, հանրապետության Արդարադատության նախարարությունը և ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը։

2006թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ ԼՂՀ Սահմանադրության առաջին նախագծի համազգային հանրաքվեն։ ԼՂՀ Սահմանադրության օգտին «կողմ» քվեարկել են հանրապետության 77 հազ. 279 քաղաքացիներ, «դեմ»՝ 554-ը։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել էր 90077 մարդ։

Այսուհետ այդ օրը ԼՂՀ-ում ներառված է տոնական օրերի շարքում և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։ Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ --0—