Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում. ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր

01.12.2008, 19:54
Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում. ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր

Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, և միայն Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների միջոցով կարելի է համաձայնության գալ, Ստեփանակերտում լրագրողներին հայտարարեց ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը։

«Բաքվի ճակատագրական սխալն այն է, որ նա անընդհատ փորձում է «շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանել»»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքերով, միջազգային իրավիճակից կախված՝ նա մեկ Թուրքիային է դիմում, մեկ՝ Ռուսաստանին, մեկ՝ Արևմուտքին։  

«Ահա և նախկին նախագահ Մութալիբովը, թախիծով հիշելով այն ժամանակվա գաղափարախոսությամբ շշմեցրած խորհրդային զորքերի աջակցությունը, այժմ փորձում է աջակցություն գտնել ռուսական որոշակի օղակներում»,- նշեց Գրիգորյանը։

ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը կարծում է, որ մինչդեռ Բաքվում վաղուց պետք է դասեր քաղած լինեին անցյալից և դուրս գային այդ արատավոր շրջանից։ --0--