Ղարաբաղի վարչապետը հանդիպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների հետ։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով մշակույթի դերը պետականաշինության, հոգևոր զարգացման գործում՝ վարչապետը նշել է, որ մշակույթի ոլորտը եղել և մնում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Ներկայացնելով այդ ոլորտում, հատկապես համույթներում առկա տարբեր կարգի դժվարությունները, այդ թվում՝ գեղարվեստական ղեկավարների ստեղծագործական ժամանակը կլանող թղթարարական-վարչարարական խնդիրները՝ վարչապետը ներկայացրել է խնդրի լուծման իր տարբերակը։
«Այն ժանրային ընդհանրություններով համույթները մեկ ընդհանուր ոչ առևտրային կազմակերպության մեջ միավորելն է, մեկ ընդհանուր ղեկավար նշանակելը, որը կկոորդինացնի այդ կազմակերպության մեջ ընդգրկված համույթների աշխատանքը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ դա, միաժամանակ, հնարավորություն կտա բարձրացնել համույթներում ընդգրկված անձանց աշխատավաձը։
Վարչապետի կարճ ելույթից հետո համույթի ղեկավարները՝ «Վերնատուն» փոփ-ֆոլք համույթի, Պարի պետական համույթի, էստրադային, կամերային և մյուս պետական համույթների տնօրեն-գեղարվեստական ղեկավարները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և հայտնել, որ անպայման հաշվի կառնվեն նրանց առաջարկություններն ու արտահայտած մտահոգությունները։
Խորհրդակցությանը ներկա էին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը և նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը։ -0-